ՊարզԷ Պարզ... Все Ясно... (parze) wrote,
ՊարզԷ Պարզ... Все Ясно...
parze

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

 Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը


30.05.2011 ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ս.թ. ապրիլի 23-ի իր հրամանագրով ստեղծված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմն ընդլայնել է` դրանում ընդգրկելով նաև «Գալուստ Կյուլպենկյան» հաստատության տնօրենների խորհրդի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին և Հայ օգնության միության Կենտրոնական վարչության ատենապետուհի, տիկին Վիկի Մարաշլյանին:

Նախագահը նախ ողջունել է նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամ դառնալու իր առաջարկն ընդունելու, իսկ նրանց մի մասին նաև` հատուկ այս նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանելու համար: Իր խոսքում Հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգարժան Նախագա՛հ,
Ձերդ Սրբություն, Ամենայն Հայոց կաթողիկո՛ս,
Ձերդ Սրբություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկո՛ս,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ողջունում եմ ձեզ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ընդունեցիք հանձնաժողովի անդամ դառնալու իմ առաջարկը և հատկապես նրանց, ովքեր հատուկ այս նիստին մասնակցելու համար ժամանեցին Հայաստան: Սակայն, անկեղծ ասած, ես այլ ակնկալիք էլ չունեի:

Այլ բան չէի ակնկալում, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը մարդկության դեմ գործած այդ հանցագործությունից 96 տարի անց դեռ բաց է բոլորիս` յուրաքանչյուր հայի համար.

• բաց է, քանի որ հնարավոր չէ ընկալել և հասկանալ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ծրագրված և իրականացված բնաջնջման քաղաքականությունը,

• բաց է, քանի որ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրի հետևանքները ցայսօր չեն վերացվել` չնայած իննուկես տասնամյակներին,

• բաց է, քանի որ այսօր էլ կան Մեծ Եղեռնը իրականացնողների ուրացող հետևորդներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում Հայոց պատմության այս սև էջը խեղաթյուրելու համար,

• բաց է, քանի որ Մեծ Եղեռնը ուրացողները մեր ողբերգությունը դիտում են զուտ որպես միջազգային քաղաքականության մեջ իրենց համար անհարմարություններ ստեղծող երևույթ և չեն ընկալում իրենց ապաշխարհանքով հատուցելու անհրաժեշտությունը:

Մենք խաղաղ ժողովուրդ ենք, որ պատրաստ է որպես հավասարը հավասարի հետ, արժանապատվությամբ խոսել, քննարկել և համագործակցել բոլորի հետ, այդ թվում նաև` իր հարևանների հետ: Սակայն անկախ որևէ բանից, մենք երբեք չենք հանդուրժելու Հայոց ցեղասպանության ժխտումը և անարգանքը մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ:

Մենք պատասխանատու ժողովուրդ ենք, որ վերապրելով Հայոց ցեղասպանությունը և անցնելով 20-րդ դարի բազմաթիվ արհավիրքներ` անկախ, հպարտ ու հաղթանակած մուտք գործեց 21-րդ դար: Դառնալով միջազգային հանրության լիիրավ անդամ` մենք երբեք չկուրացանք մեր վշտից, երբեք երես չթեքեցինք այլ ժողովուրդների տառապանքներից, այլ հետևողականորեն պնդեցինք ցեղասպանության հանցագործության կանխարգելման և անխուսափելի պատժման անհրաժեշտությունը:

Մենք երախտապարտ ժողովուրդ ենք, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր պատմության ծանր պահին օգնության ձեռք էին մեկնել` փորձելով պաշտպանել և օժանդակել մեզ: Մենք նրանցից և ոչ մեկին չենք մոռացել, իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նրանց հիշատակը ոգեկոչելու նոր հանգրվան կլինեն:

Հարգելի՛ գործընկերներ,

«Խաղաղություն, պատասխանատվություն, երախտագիտություն» բառերը մեզ անշուշտ անընդհատ կուղեկցեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու մեր աշխատանքներում: Այսօր մենք պաշտոնապես սկսում ենք այդ գործընթացը»:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանձնաժողովի անդամները նիստն սկսել են Տերունական աղոթքով: Այնուհետև Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջինն իրենց խոսքն են ուղղել նիստի մասնակիցներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգային հարցերի թվում հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը զեկուցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, պետական հանձնաժողովի խորհրդատվական խումբ ձևավորելու մասին հարցերը, որից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորման և իրականացվող աշխատանքների համադրման վերաբերյալ հարցը: Նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հանձնաժողովին ներկայացրել է արտերկրում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխատանքների վերաբերյալ հարցը:


Հ.Գ.
Ի դեպ, այսօր Արմենիա Մարիոթ-ում տեղի է ունեցել նաև, Արա Պապյանի` Arbitral Award of the president of the United States of America Woodrow Wilson գրքի շնորհանդեսը...
Գիրքը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ զետեղված են նաև համապատասխան քարտեզները:
 
Հ.Հ.Գ.

Ընդգծված տողերին բազմիցս անդրադարձել եմ , նայեք նաև ,սա 
Tags: Իրավական ուղի, Հայ-թուրքական, Նախագահ, Ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, նախագահ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment